Իլոն Մասկը խոստացել է Մարս ուղարկել մոտ 1 մլն մարդու (տեսանյութ)
Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը, խոսելով Մարս ուղարկելիք «մարդկային առաքելության» մասին, ասել է, որ ապագայում «Կարմիր մոլորակ» է ուղարկվելու մոտ 1 մլն մարդ՝ հետագայում այնտեղ ինքնուրույն քաղաքակրթություն ստեղծելու նպատակով:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ամերիկացի միլիարդատերն այս մասին հայտնել է Մեքսիկայում ընթացող Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի 67-րդ կոնգրեսի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:
Պատմելով Մարսի վրա գաղութ ստեղծելու մասին՝ Մասկը չի բացառել, որ ապագայում Երկրի վրա կարող է այնպիսի աղետ տեղի ունենալ, որից հետո այստեղ ապրելն ուղղակի անհնար կլինի: Ըստ Մասկի՝ այդ իսկ պատճառով մարդկությունը պետք է վերածվի «միջմոլորակային տեսակի», Մարսի վրա կառուցի ինքնավար գաղութ ու այնտեղ բնակություն հաստատի:
Միլիարդատիրոջ կարծիքով՝ դեպի «Կարմիր մոլորակ» առաջին թռիչքից հետո մարդկությունից կպահանջվի 40-100 տարի այնտեղ ինքնուրույն գաղութ հիմնելու համար:
SpaceX-ի ղեկավարը մանրամասնել է, որ իր ընկերությունը ստեղծում է այնպիսի տիեզերանավ, որը կկարողանա Մարս տեղափոխել մոտ 100 ուղևորի և 450 տոննա բեռ:
Տիեզերանավերից յուրաքանչյուրը կկարողանա իրականացնել 12-15 թռիչք, ինչը նշանակում է, որ մոտ 10.000 թռիչքի շնորհիվ հնարավոր կլինի Մարս տեղափոխել մոտ 1 մլն մարդու:
Մասկը հույս ունի, որ 2035թ. դրությամբ դեպի Մարս հնարավոր կլինի հասնել 80 օրում: Սկզբում տոմսը կարժենա 10 մլրդ դոլար, սակայն ավելի ուշ, երբ ուղևորների թիվն ավելանա, գինը կնվազեցվի 200.000 դոլարի:
Ի լրումն ասվածի՝ SpaceX-ը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչպես է իրականացվելու դեպի Մարս առաջին թռիչքը:










