Շիմոն Պերեսը մահից հետո դոնոր է դարձել

10:13 • 28.09.16

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի բժշկի փոխանցմամբ՝  93-ամյա քաղաքական գործիչը մահից հետո  դոնոր է դարձել, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ Պերեսի աչքերի եղջերաթաղանթները տրվել են  փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին:

 

«Շիմոն Պերեսը մեզ լքեց առանց որևէ տանջանքների: «Շիբա» կլինիկայի հմուտ բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար ու ամեն ինչ արել են, որպեսզի նա չտանջվի»,- պատմել է բժիշկ Ռաֆի Վալդմանը:

 

Նա հավելել է, որ կենդանության օրոք Պերեսը ցանկություն է հայտնել դոնոր դառնալ, իսկ նրա մահից հետո ընտանիքն իր համաձայնությունն է տվել Պերեսի աչքերի եղջերաթաղանթի դոնորական փոխպատվաստման համար:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պերեսը սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո սեպտեմբերի 28-ին մահացել է հիվանդանոցում՝ 93 տարեկանում:

 

Նշենք, որ 2013թ. մինչև իր պաշտոնաթողությունը Պերեսը եղել է մոլորակի ամենատարեց գործող պետության ղեկավարը։ Նա 2 անգամ եղել է Իսրայելի վարչապետ, 2 անգամ՝ վարչապետի պաշտոնակատար, և իր քաղաքական կարիերայի ավելի քան 66 տարիների ընթացքում 12 անգամ եղել է Իսրայելի նախարարների կաբինետի անդամ:

 

Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։

 

Շիմոն Պերեսը մահից հետո դոնոր է դարձել