Apple-ին մեղադրել են օգտատերերի հեռախոսահամարներն իրավապահ մարմիններին փոխանցելու համար

11:31 • 30.09.16

Անվտանգության մասնագետներն Apple կորպորացիային մեղադրել են օգտատերերի հեռախոսահամարները պահպանելու և իրավապահ մարմիններին փոխանցելու համար, հայտնում է The Intercept-ը:

 

Լրատվամիջոցի պնդմամբ՝ երբ iPhone-ի սեփականատերը կապվում է իր կոնտակտների հետ iMessage-ով, ծրագիրը հարցում է ուղարկում Apple-ի սերվերներին՝ պարզելու համար, թե արդյոք պետք է հասցեատիրոջը հաղորդագրություն ուղարկել համացանցով, թե SMS-ով: Այս տեղեկությունն ամսաթվի և ժամանակի հետ միասին պահպանվում է ընկերությունում 30 օրվա ընթացքում:

 

Apple-ում հաստատել են, որ տվյալները կարող են փոխանցվել իրավապահ մարմիններին:

Միևնույն ժամանակ, ընկերությունը պնդում է, որ iMessage-ում հաղորդագրություններով փոխանակվելն ամբողջովին անվտանգ է, քանի որ օգտատերերի նամակագրությունը պաշտպանված է կոդավորմամբ: Բացի այդ, 2015 թվականի փետրվարից ընկերությունը սահմանել է iMessage-ում և FaceTime-ում հաշվի երկաստիճան ստուգում:

Apple-ին մեղադրել են օգտատերերի հեռախոսահամարներն իրավապահ մարմիններին փոխանցելու համար