Մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո» 2016 ցուցահանդեսը՝ ապրիլյան պատերազմից հետո ՏՏ նոր առաջարկներով
«Երևան էքսպո» կենտրոնում այսօր տեղի ունեցավ «ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
12-րդ ամենամյա ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը վերապահված էր նորանշանակ Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանին և ցուցահանդեսի հովանավոր՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանին:
«ԴիջիԹեք» ցուցահանդեսի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մինչ պաշտոնյաների հետ շրջայցը ներկայացրեց այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունները՝ ապրիլյան պատերազմից հետո ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների որոշակի առաջարկությունները՝ պաշտպանվածությունը բարձրացնելու համար և կրթական շեշտադրումները: «Մենք ոլորտում ունենք մասնագետների պակաս»,-ասաց նա:
Նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, թե վստահ է՝ ՀՀ-ն շատ բան ունի ցույց տալու աշխարհին և հիշեցրեց, որ համաշխարհային ՏՏ համաժողովին է ՀՀ-ն մասնակցելու: «Վստահ եմ, որ կունենանք նոր հաջողություններ»,- ասաց նա:
Նշենք, որ «ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին սպասվում է տեղական և միջազգային շուկայի ավելի քան 170 ընկերություններ ու շուրջ 60 000 այցելու: Ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում:










