Հատուկ iPhone 7-ի համար ստեղծված պատյանը «կվերակենդանացնի» ականջակալների միացման անցքը
Վերջերս ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է երկար սպասված iPhone 7 սմարթֆոնը, որը, ի զարմանս շատերի, այլևս զրկված է ականջակալների միացման համար անցքից:
Ինչպես նշում է The Business Insider-ը, բրենդի արտադրանքի սիրահարների մի մասի կարծիքով՝ Apple-ի նորարարությունն այդքան էլ հարմար չէ: Նրանց հետ համակարծիք է նաև ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչ, մասնագիտությամբ ծրագրավորող Դիեգո Փրինսը:
Մասնագետը ստեղծել է iPhone 7 և iPhone 7 Plus հեռախոսների համար նախատեսված պատյան, որի միջոցով հնարավոր է վերականգնել ականջակալների 3.5 մմ հաստությամբ անցքը:
Բացի այդ, պատյանը սմարթֆոնը պաշտպանում է հարվածներից ու խազերից, ինչպես նաև 8 ժամվա հավելյալ լիցքավորում է ապահովում սարքի համար:
Ուշագրավ նորույթը ստացել է Fuze անվանումը: Դրա զանգվածային արտադրությունը սկսելու համար անհրաժեշտ է 60.000 դոլար:










