Աշխարհը ՏՏ ոլորտում Հայաստանի ու հայ մասնագետների նվաճումների մասին քիչ բան գիտի. բրիտանացի փորձագետ
Բրիտանիայից Հայաստան այցելած ՏՏ ոլորտի փորձագետ և լրագրող Մալքոլմ Փեննը «ԴիջիԹեք էքսպո» 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսին տպավորված է հայ մասնագետների ներկայացրած ՏՏ նորարարական լուծումներից:
Tert.am-ի հետ զրույցում Մալքոլմ Փեննը նշեց, թե հիմնական խնդիրն այն է, որ աշխարհը Հայաստանի ու հայ մասնագետների նվաճումների մասին քիչ բան գիտի: «Եվ մեր խնդրին է տեղեկացնենք այն, ինչ տեսանք ՀՀ-ում»,-ասաց նա:
Մասնագետը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 4 տարի առաջ ՏՏ ոլորտը ուսումնասիրելու և կարծում է, որ այս 4 տարիների ընթացքում մեծ փոփոխություն է արձանագրվել:
«Մենք արդեն ուսումնասիրել են ՏՏ ոլորտի հաստատությունների, կառույցների, ընկերությունների կարողությունները Հայաստանում և կարող ենք ասել, որ այն, ինչ այն ժամանակ գաղափարի տեսքով էր, արդեն վերածվել է իրական ռեսուրսի, արդյունքի, ինչի կարիքն ունի աշխարհը»,-նշեց նա:
Մալքոլմ Փեննը նշեց, որ Հայաստանն ունի պոտենցիալ՝ մրցակցելու ՏՏ ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների հետ:
«Ես պատճառ չեմ տեսնում, որ հայկական ՏՏ ոլորտը հետ մնա համաշխարհային զարգացումներից, քանի որ ոլորտը շատ արագ է փոխվում, իսկ Հայաստանում այդ փոփոխությունը նկատելի է: Շատ հիացած եմ այն ամենով, ինչ տեսել եմ, մասնավորապես Ճարտարագիտական համալսարանի ձեռքբերումներով»,-ասաց նա:










