Rosetta արբանյակը բախվել է Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին
Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) Rosetta արբանյակն ավարտել է 12 տարի տևած առաքելությունը` այսօր ցերեկը բախվելով Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին, հայտնում է meduza.io կայքը:
Նշվում է, որ Rosetta-ն երկնային մարմնի մակերևույթին է հայտնվել Երևանի ժամանակով 14:39-ին, ինչից հետո արբանյակի հետ կապն ընդմիշտ ընդհատվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ գիսաստղին մոտենալու ժամանակ արբանյակը նվազագույն հեռավորությունից բազում կադրեր է ֆիքսել՝ բացահայտելով Չուրյումով-Գերասիմենկոյի վրա առկա գազը, պլազման ու փոշին:
Հայտնի է, որ Rosetta-ն արձակվել էր 2004թ.: Գիսաստղին հասնելու համար տիեզերական սարքից պահանջվել է 10 տարի, որի ընթացքում արբանյակը հաղթահարել է մոտ 6 մլրդ կմ հեռավորություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Rosetta-ն առաջին տիեզերական սարքն է, որին հաջողվել է դուրս գալ գիսաստղի ուղեծրի վրա: Արդյունքում՝ արբանյակը խիստ կարևոր տեղեկություններ է հավաքել եկող տարիներին գիտնականների կողմից ուսումնասիրվելիք երկնային մարմնի վերաբերյալ:
Նշվում է, որ Rosetta-ն անընդհատ պտտվում է Չուրյումով-Գերասիմենկոյի շուրջ` ավելի ու ավելի հեռանալով Արևից: Իսկ դա նշանակում է, որ որքան արբանյակը հեռանա Արևից, այնքան այն ավելի քիչ էներգիա կստանա իր տիեզերական առաքելությունը շարունակելու համար: Ուստի` ԵՏԳ-ի մասնագետները որոշել են այնպես անել, որ հին արբանյակը բախվի գիսաստղին ու դադարեցնի իր գործունեությունը:










