«ԴիջիԹեք էքսպոյին» ուսանողների ներկայացրած տանկն աշխատում է էլէներգիայով և հեռակառավարմամբ
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Միշա Մանուկյանը «ԴիջիԹեք էքսպո» 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրեց իրենց նախագծած տանկի մակետը, որը հնարավոր է վարել հեռակառավարմամբ. այն աշխատում է էլեկտրականությամբ:
«Եթե նույն նախագծով իսկական տանկ լինի, այն կարելի է կիրառել՝ առանց վտանգ զգալու, որ մարդկային զոհեր կլինեն, տանկի երեք հոգանոց կազմի ներկայություն չի պահանջվում»,-Tert.am-ին ասաց նա:
«Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության ներկայացուցիչը ներկայացրեց անօդաչու սարքերի իրենց մի քանի տեսակ արտադրանքները, որոնց համար Սինգապուրից արդեն պատվերներ ունեն: Պատվերը մալուխով հոսանքի սնուցման աղբյուրին կցված անօդաչու սարքն էր, որն աշխատում է շարժական համակարգի վրա՝ մեքենա, նավ:
«Անօդաչուն բարձրանում է օդ և կարող է հետևել, նկարահանել: Սինգապուրից պատվերը նավահանգիստների կայանման ապահովման համար է»,-ասաց ներկայացուցիչը:
Նա նաև ներկայացրեց իրենց նախագծած անօդաչու սարքը, որը օդում մնում է 23 րոպե և տեղափոխում է 2,5 կգ բեռ, չհաշված իր 2 կգ մարտկոցները:
Ի դեպ, «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի հետ կազմակերպում է դասընթացներ անօդաչու թռչող սարքերի գործարկման և սպասարկման թեմաներով։










