Apple-ին տուգանել են 300 միլիոն դոլարով՝ արտոնագրային իրավունքները խախտելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգի դաշնային շրջանային դատարանը պարտավորեցրել է Apple ընկերությանը որպես փոխհատուցում ավելի քան 302 միլիոն դոլար վճարել VirnetX ընկերությունների տեխնոլոգիաներն անօրինական ճանապարհով օգտագործելու համար, հայտնում է Reuters գործակալությունը:
Ատենակալներն ապացուցված են համարել VirnetX-ի երկու արտոնագրերի խախտման փաստն iPhone արտադրող ընկերության կողմից:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրանցից մեկը կապված է FaceTime տեսազանգերի հավելվածի համար օգտագործվող տեխնոլոգիաների, երկրորդը՝ VoD գործառույթի հետ, որը թույլ է տալիս օգտատիրոջը մեդիաբովանդակություն ստանալ սերվերից համացանցով:
2016 թվականի փետրվարին Տեխասի դատարանն ընդունել էր, որ Apple-ի որոշ ծրագրեր խախտում են VirnetX-ի մտավոր սեփականության իրավունքը, և պարտավորեցրել էր 625 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել: Ավելի ուշ դատավճիռը չեղարկվել էր, քանի որ վերաքննիչ դատարանը կարծիք էր հայտնել, որ ատենակալները կարող էին անարդար լինել Apple-ի նկատմամբ:










