Հաքերները կարող են գողացած լինել ավելի քան 1 միլիարդ օգտատիրոջ տվյալներ. Yahoo-ի նախկին աշխատակից

16:56 • 01.10.16

Yahoo-ի դեմ իրականացված հաքերային հարձակման հետևանքով տուժած օգտահաշիվների թիվը կարող է շատ ավելին լինել, քան 500 միլիոնը: Այդ մասին հայտարարել է Yahoo-ի նախկին աշխատակիցը, ով ծանոթ է ընկերության անվտանգության ապահովման միջոցներին, գրում է Business Insider-ը:


Yahoo-ի նախկին աշխատակիցը նշել է, որ Yahoo-ի համակարգի կառուցվածքն այնպիսին է, որ այն տեսակի հարձակման դեպքում, որի մասին հաղորդվել է, հաքերներին հասանելի կդառնար շատ ավելի մեծ թվով օգտատերերի էջերի տվյալներ:

«Ես կարծում եմ, որ թիվը շատ ավելին է, քան հայտարարվել է»,- ասել է ընկերության ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնող աշխատակիցը, ով շարունակում է կապ պահպանել դեռ այնտեղ աշխատող աշխատակիցների հետ: «Ինչպես են նրանք գտել 500-ը՝ առեղծված է»:


Ավելի վաղ Yahoo ընկերությունը հայտարարել էր, որ 2014-ին հաքերները գողացել են 500 մլն օգտահաշիվների  հետ կապված տվյալներ: Հաքերների նպատակն է եղել օգտատերերի անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները, գաղտնաբառերը, ինչպես նաև ստուգիչ հարցերն ու պատասխանները: Բանկային քարտերի և հաշիվների հետ կապված տվյալները չեն գողացվել:

Հաքերները կարող են գողացած լինել ավելի քան 1 միլիարդ օգտատիրոջ տվյալներ. Yahoo-ի նախկին աշխատակից