Ռուսական ընկերություններն ուսումնասիրում են մեսենջերները «կոտրելու» հնարավորությունը
Ռուսական ընկերությունները սկսել են միջոցներ որոնել WhatsApp, Viber, Facebook Messenger, Telegram և Skype հայտնի մեսենջերների հաղորդագրությունները որսալու և գաղտնազերծելու համար՝ այսպես կոչված «Յարովայայի փաթեթ»-ի հակաահաբեկչական օրենքների շրջանակներում: Այդ մասին գրում է «Коммерсант»-ը:
Առաջարկվում է աշխատանքը սկսել Viber-ից: Յուրաքանչյուր մեսենջերն ուսումնասիրելու համար հատկացվում է երկուական ամիս: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Viber-ի, Telegram-ի, WhatsApp-ի, Facebook Messenger-ի և Microsoft-ի ներկայացուցիչները, որին պատկանում է Skype-ը, հրաժարվել են մեկնաբանություններից:
Մինչդեռ, գրում է կայքը, փորձագետները դեռ «Յարովայայի փաթեթ»-ի քննարկման փուլում նախազգուշացնում էին, որ օրենքով ներկայացված պահանջները կարող են տեխնիկապես անիրականանալի լինել:
Օգոստոսին Մեդիահաղորդակցության միությունը, որը միավորում է Ռուսաստանի երեք խոշորագույն բջջային օպերատորներին, ինչպես նաև «Ростелеком»-ը, օրենքի նախագիծ է պատրաստել մեսենջերների և փոստային ծառայությունների անանուն օգտագործման սահմանափակումներ մտցնելու մասին:
«Յարովայայի փաթեթը» պահանջում է «տեղեկատվության տարածման բոլոր կազմակերպիչներից» Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել տեղեկատվություն, որը թույլ կտա «ապակոդավորել» ամեն ինչ, ինչ կպահանջվի: «Յարովայայի փաթեթ» հակաահաբեկչական օրենքների շարքը ներկայացրել է պատգամավոր Իրինա Յարովայան:










