Yahoo-ն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների խնդրանքով գաղտնի հետևել է օգտատերերի էլեկտրոնային փոստին. Reuters

08:44 • 05.10.16

Ամերիկյան Yahoo ընկերությունը 2015թ. ստեղծել է գաղտնի ծրագիր, որի շրջանակում Միացյալ Նահանգների հետախուզությանը հնարավորություն է ընձեռվել անհրաժեշտ տեղեկությունը փնտրել բոլոր օգտատերերի էլեկտրոնային նամակներում:

 

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության նախկին աշխատակիցներից մի քանիսին:

 

Նրանց փոխանցմամբ՝ Yahoo-ն, ԱՄՆ-ի կառավարության գաղտնի կարգադրությամբ, ստուգել է Yahoo Mail-ի հարյուր միլիոնավոր հաշիվներ:

 

Ոլորտի որոշ վերլուծաբաններ գտնում են, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ինտերնետ ընկերությունն ընդառաջել է հետախուզական ծառայությանը՝ սքանավորելով օգտատերերի նամակները:

 

Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ բնույթի տեղեկություն են օգտատերերի նամակներում փնտրել հետախուզական ծառայությունները:

 

Աղբյուրը հավելում է, որ Yahoo-ում բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատակիցներ լքել են ընկերությունը՝ ԱՄՆ-ի հետախուզության հետ համագործակցության որոշման կայացումից հետո:

 

Yahoo-ն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների խնդրանքով գաղտնի հետևել է օգտատերերի էլեկտրոնային փոստին. Reuters