SCG 003S կուպեն կփորձի բացարձակ ռեկորդ սահմանել Նյուրբուրգրինգում (լուսանկարներ)
Ամերիկյան Scuderia Cameron Glickenhaus ընկերության ստեղծած SCG 003S կուպեն պատրաստվում է իր տեխնիկական հնարավորություններն ի ցույց դնել Նյուրբուրգրինգի մրցուղում՝ փորձելով բացարձակ ռեկորդ սահմանել ճանապարհի «Հյուսիսային օղակ» կոչվող հատվածում:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, իտալական Maniffatura Automobili Torino ընկերության հետ համագործակցության շրջանակում ստեղծված կուպեի փորձարկումներն արդեն սկսվել են:

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով երկտուրբո շարժիչով, որի զարգացրած առավելագույն արագությունը գերազանցում է 350 կմ/ժ ցուցանիշը:

Մեքենայի ստեղծողները լիահույս են, որ նորույթը կկարողանա Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակն» անցնել 6 րոպե 30 վայրկյանից էլ կարճ ժամանակում, ինչը կլինի բացարձակ ռեկորդ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում ռեկորդակիր է համարվում Radical SR8 LM սպորտքարը, որը մրցուղու տվյալ հատվածն անցել է 6 րոպե 48 վայրկյան ժամանակում:











