«2 ամսից վիճակն էլ ավելի կթեժանա, բոլորս դուրս ենք գալու». Թուրքիայում ձերբակալված գյուլենականի աղմկահարույց հեռախոսազրույցը
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձերբակալված Մալաթիայի նահանգի Փոթյուրգե շրջանի նախկին ոստիկանապետ Ֆաթիհ Գյունայը իր կնոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, թե Թուրքիայում վիճակը էլ ավելի կլարվի մոտակա ամիսների ընթացքում, և որ իրենք դրանից ազատության մեջ են հայտնվելու:
Այս մասին գրել է թուրքական «Սաբահ» թերթը:
«Վիճակը շատ է խառնվելու: Աշխատեք շատ տանից դուրս չգալ, ուտելիքի պահուստը շատացրեք: Քիչ մնաց, սիրունս, դուրս ենք գալու: 1.5-2 ամիս էլ չի ձգի, կգանք: Նոյեմբեր ամսին դեռ արևի լույս չենք տեսնի, բայց Ալլահի օգնությամբ դեկտեմբերին արդեն դրսում կլինենք: 3-5 հոգի չէ, բոլորս միասին ենք դուրս գալու: Դուրս գալով չենք բավարարվելու, այս անգամ մենք ենք նրանց բանտ նետելու: Բոլորին: ՄԵնք աշխատել ենք մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար: Դրսի այդ շան համար կեր չենք դառնալու», - հեռախոսով ասել է գյուլենականը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










