Samsung-ը դադարեցնում է նաև «անվտանգ» խմբաքանակից Galaxy Note 7-երի վաճառքը
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է գործընկերներից ու սեփական արտադրանքը վերավաճառող ընկերություններից պահանջել դադարեցնել տեխնիկական խնդիրներից զերծ և «անվտանգ» համարվող խմբաքանակից Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, սեպտեմբերին ներկայացված գաջեթների վաճառքի ժամանակավոր արգելքը գործելու է ամբողջ աշխարհում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Samsung-ի որոշումը պայմանավորված է այն փաստով, որ ընկերությունը բողոքներ է ստանում նաև «անվտանգ» համարվող խմբաքանակից Galaxy Note 7 սմարթֆոնների այրման և այլ անսարքությունների վերաբերյալ:
Ավելի վաղ հարավկորեական արտադրողը խնդրել էր օգտատերերին հրաժարվել նոր սմարթֆոններից ու անջատել դրանց սնուցումը:
Նշվում է, որ AT&T, Verizon և T-Mobile ընկերություններն արդեն դադարեցրել են Samsung Galaxy Note 7-ի վաճառքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Samsung-ը միառժամանակ դադարեցրել է արտահանման համար նախատեսված Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը, ինչը պայմանավորված է մարտկոցների անսարքությամբ:
Ընկերության՝ Վիետնամում գտնվող և միջազգային մատակարարումներով զբաղվող գործարանը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը:
Նոր սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում մեկնարկել էր օգոստոսի 19-ին, սակայն սեպտեմբերի սկզբին ընկերությունը ստիպված է եղել համաշխարհային շուկայից հետ կանչել 2.5 մլն Galaxy Note 7, երբ պարզվել է դրանց մարտկոցներում առկա տեխնիկական անսարքությունների մասին:











