Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իրաք
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ժամանել է Իրաք, որպեսզի տեղում գնահատական տա Մոսուլի ազատագրման գործողության ընթացքին, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Նախօրեին Քարթերը գտնվում էր Անկարայում, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Նախատեսվում է, որ Իրաքում նա կհանդիպի վարչապետ Հայդեր ալ Աբադիի, ինչպես նաև երկրում գործող ամերիկյան զորքի հրամանատարության հետ:
Նշենք, որ օրեր առաջ Մոսուլի մոտակայքում ԱՄՆ զինծառայող է սպանվել:
Հոկտեմբերի 17-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր Մոսուլի ազատագրման գործողություն սկսելու մասին: Գործողությանն աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։
Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:










