ԱՄՆ-ն կարծես ցանկանում է վերջնականապես փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, խոսելով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին, կարծես ցանկանում է վերջնականապես փչացնել երկրի հետ հարաբերությունները: Այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ իրենք եվրոպացի գործընկերների հետ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը՝ Սիրիայում իրավիճակի առնչությամբ։
«Ինչպիսին են գործընկերները, այդպիսին է և նրանց հետ քննարկման բնույթը»,- հայտարարել է Ռյաբկովը:
Ըստ նրա` նման հայտարարությունները Մոսկվայի համար նորություն չեն, և իրենց մոտ տպավորություն է, կարծես ԱՄՆ-ի ղեկավարությունն իր առջև չի դնում այլ նպատակ, քան վերջնականապես Ռուսաստանի հետ հարաբերություններ խզելը:
«Ես կարող եմ գրազ գալ, որ նրանք այսուհետ ամեն օր խոսելու են նոր պատժամիջոցների մասին»,- ասել է Ռյաբկովը:
Արևմուտքը մեղադրում է Մոսկվային և Դամասկոսին Սիրիայում խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու համար: Մոսկվան, իր հերթին, պնդում է, որ իրենք ավիահարվածներ են հասցնում միայն ահաբեկիչների դիրքերին և մեղադրում է ԱՄՆ-ին ընդդիմադիր ուժերին ահաբեկչական խմբավորումներից զատել չկարողանալու համար:










