Սիրիացի նկարիչը Հալեպի ավերակներից պատրաստել է ԱՄՆ Ազատության արձանի կրկնօրինակը

23:31 • 23.10.16

Համացանցում օգտատերերի ուշադրությունը գրավել է սիրիացի նկարիչ Թամամ Ազամի հերթական «գլուխգործոցը»`ռմբակոծված Հալեպի ավերակներից կազմված Ազատության արձանը:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, սիրիացու ստեղծած լուսանկարը հոկտեմբերի 22-ին թվիթերյան իր էջում հրապարակել է ամերիկացի քաղաքագետ Իեն Բրեմերը` այն «ավերիչ» անվանելով: Նրա հրապարակումը կիսվել է ավելի քան 14 000 անգամ:

Սիրիացի նկարիչը հայտնի է իր ինքնատիպ և խոսուն ստեղծագործություններով: Նախկինում նա մի քանի անգամ ևս փորձել է ուշադրություն հրավիրել սիրիական ճգնաժամի վրա պատկերավոր տեսարանների միջոցով: Այս անգամ ևս Ազամը Սիրիայում արված պատկերները մոնտաժելով ստացել է Նյու Յորքի Ազատության արձանի կրկնօրինակի լուսանկարը:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ազամը նշել է, որ Ազատության արձանը չի խորհրդանշում ԱՄՆ-ի քաղաքականությունը, և որ ինքը արձանն օգտագործել է որպես ազատության խորհրդանիշ: