Բրիտանիան մարզել է սաուդյան օդաչուներին` չնայած Եմենում ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներին
Լիբերալ դեմոկրատների բրիտանական կուսակցությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մարզել է Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի օդաչուներին՝ չնայած Եմենում ռազմական հանցագործությունների վերաբերյալ թագավորության հասցեին ստացվող մեղադրանքներին. գրում է The Independent-ը:
Եմենի մայրաքաղաք Սանայում հոկտեմբերի 8-ին սգո արարողության վրա հասցված օդային հարվածի հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է առնվազն 140 մարդ, 525 հոգի վիրավորվել է:
Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ գործող կոալիցիան նախ հայտարարել է, որ չի մասնակցել օդային հարվածին, իսկ ավելի ուշ իր հետաքննության արդյունքներով հայտարարել է, որ հարվածն իրականացվել է Եմենի գլխավոր շտաբից ստացված «սխալ տեղեկատվության» պատճառով:
Արտաքին հարաբերությունների հարցերով կուսակցության ներկայացուցիչ Թոմ Բրեյքը կոչ է արել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանն անմիջապես դադարեցնել Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի մարզումը և ավելի խիստ վերահսկել զենքի արտահանումը թագավորություն: Թերթի տվյալներով՝ ի պատասխան Բրեյքի դիմումին՝ պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտնել է սաուդյան զինվորականների ընթացող մարզումների մասին:










