Հռոմի պապը ցնցված է Մոսուլում խաղաղ բնակիչների նկատմամբ դաժանություններից

17:26 • 23.10.16

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ցնցված է քաղաքացիական անձանց նկատմամբ Մոսուլում ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերված դաժանությունից: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Գործակալությունը հայտնում է, որ Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել Իրաքի ողջ ժողովրդին «այս ողբերգական ժամերին»:

«Մեր հոգիները ցնցված են բռնության դաժան գործողություններով, որոնք երկար ժամանակ է, ինչ իրականացվում են անմեղ քաղաքացիների նկատմամբ՝ լինեն դրանք մահմեդական, թե քրիստոնյա: Զոհերի թվում շատ երեխաներ կան: Այդ դաժանությունը մեզ անխոս է թողնում»,- հայտարարել է նա:

Ավելի քան երկու տարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Դրանում ներգրավված ուժերի ընդհանուր քանակը հասնում է մոտ 60 հազարի: