Ղրղզստանի կառավարությունը հրաժարական կտա

12:24 • 24.10.16

Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարել է խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, ինչը նշանակում է կառավարության հրաժարական, հայտնում է Интерфакс գործակալությունը:

 

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս մեծամասնության կոալիցիայից»,- երկուշաբթի հայտարարել է խմբակցության առաջնորդ Իսա Օմուրկուլովը:

 

Նա պարզաբանել է, որ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մինչև Ղրղզստանի նախագահ ընտրվելը գլխավորում էր Ալմազբեկ Աթամբաևը, դուրս է գալիս կոալիցիայից՝ դրա մեջ մտնող խմբակցությունների հետ «քաղաքական հայացքների անհամաձայնության» պատճառով: Դուրս գալու մասին որոշումը կայացվել է երկուշաբթի՝ խմբակցության նիստի արդյունքներով:

 

Ղրղզստանի սահմանադրության համաձայն՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը նշանակում է դրա կազմաքանդումը, ինչպես նաև կառավարության հրաժարականը: