Պորոշենկոն մինսկյան գործընթացի երկու այլընտրանք է նշել

10:59 • 24.10.16

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկու այլընտրանք է նշել Մինսկի գործընթացին՝ հակամարտության ռազմական լուծումը և Ուկրաինայի հսկողության տակ ժամանակավորապես չգտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին հատվածներից հրաժարումը: Այդ մասին նա հայտնել է ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գրում է УНИАН-ը:

 

«Նա, ով առաջարկում է չեղարկել «Մինսկը», պետք է այլընտրանք առաջարկի: Այլընտրանքները երկուսն են՝ հակամարտության ռազմական լուծում և ՌԴ-ի վրա բաց հարձակում: Ես խնդրում եմ համեմատել ռազմական բյուջեները և հնարավորությունները, խնդրում եմ պատասխանատվություն ստանձնել ապագա զոհերի համար»,- հայտարարել է Պորոշենկոն:

 

«Եթե մենք խոսում ենք պատասխանատվության մասին, դա նշանակում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են «Մինսկին», նպատակ են դնում հրաժարվել այդ տարածքներից, այնտեղ սահման կառուցել և հետևել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տրամաբանությանը: Ցանկանում եմ հիասթափեցնել՝ ասելով, որ այդ քաղաքական ուժերը և նրանց աջակիցները, որոնք դեմ են «Մինսկին», չեն ստանա ո՛չ խաղաղություն, ո՛չ տարածքներ: Այդ պատճառով այդ հայտարարությունները բացարձակ անպատասխանատու են»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

 

Մինսկյան պայմանավորվածությունների վերաբերյալ փաստաթուղթը համաձայնեցվել է 2015 թվականի փետրվարին Մինսկում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի ղեկավարների կողմից և ստորագրվել կոնտակտային խմբի կողմից՝ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ապասրացման նպատակով։