22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը ինքնասպանության փորձ է կատարել. փաստաբան

10:56 • 24.10.16

22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ մեղադրվող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել. Tert.am-ին ասաց նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը: 

Փաստաբանը նշեց, որ ինքնասպանության փորձ է կատարել ամրակ կուլ տալու միջոցով: «Այդ օրը մահվան լուրը հենց լսեց,  ծանր հոգեբանական վիճակի մեջ հայտնվեց, որովհետև  ինքը սպանելու դիտավորություն չի ունեցել, մեղքը չի վերցնում: Նրան օգնություն են ցույց տվել քրեակատարողական հիմնարկում»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ հաջորդ օրն արդեն քննչական գործողությունների է մասնակցել:  «Նա դիտավորություն չի ունեցել սպանելու: Ուղղակի սպասում ենք արարողություններն անցնեն, շատ բան ունենք պարզաբանելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչ արդյունքում Լևոնը  սրտի ու թոքի շրջանում վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և 2 օր անց մահացել էր:

Նշենք նաև, որ վեճի պատճառը եղել է Լևոնի նշանածի աշխատավարձը չվճարելը, որն աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ):