Apple-ի վաճառքի ցուցանիշները վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ անկում են գրանցել

10:25 • 26.10.16

Apple կորպորացիայի եկամուտը 2016 թվականի ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով նվազել է 9 տոկոսով՝ հասնելով 46,9 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը:

 

Բացի այդ, Apple-ի զուտ շահույթը նվազել է 19 տոկոսով՝ հասնելով 9 միլիարդ դոլարի:

 

Ինչպես նշում է կայքը, Apple-ի վաճառքներն անկում են գրանցել վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ:

 

Չորրորդ եռամսյակի ընթացքում ընկերությունը վաճառել է ընդհանուր 28,1 միլիարդ դոլարի 45,5 միլիոն հատ iPhone, ինչը 5 տոկոսով քիչ է քանակական առումով և 13 տոկոսով՝ գումարային՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

 

2016 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Apple-ը վաճառել է 5,7 միլիարդ դոլար արժողությամբ 4,9 միլիոն հատ Mac համակարգիչ:

 

iPad-ի վաճառքները 6 տոկոսի անկում են գրանցել՝ 9,8 միլիոնից մինչև 9,2 միլիոն սարք: Պլանշետների վաճառքից ստացված եկամուտը մեկ տարվա ընթացքում չի փոխվել և կազմել է 4,2 միլիարդ դոլար:

Apple-ի վաճառքի ցուցանիշները վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ անկում են գրանցել