Հայտնաբերվել է Երուսաղեմի մասին եբրայերենով գրված հնագույն ձեռագիր
Իսրայելցի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 7-րդ դարի ձեռագիր, որը նրանք համարում են Աստվածաշնչից դուրս Երուսաղեմի մասին եբրայերենով գրված ամենահին տեքստը, հաղորդում է РИА Новости-ն:
Պապիրուսին արված գրությունը, որը հայտնում է գինու խմբաքանակի ուղարկման մասին, իսրայելցի քաղաքական գործիչները միանգամից օգտագործել են որպես փաստարկ վերջին շրջանում Երուսաղեմի պատմական բնույթի և քաղաքակրթական պատկանելիության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ծավալված քննարկումների շրջանակում:
«Նաարտայի թագավորական սպասուհուց մորթիներ և գինի դեպի Երուսաղեմ». այսպես են վերծանել ձեռագիրը գիտնականները:
Իսրայելի հնությունների վարչությունը հայտնել է, որ պապիրուսյան ձեռագիրը խլվել է պատմական արժեքավոր իրերի թալանով զբաղվող բանդայի ձեռքից:
Պապիրուսի պատճենն արդեն հասցրել է ներկայացնել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։ Դա տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ից խորհրդակցության նպատակով իրենց դեսպանին հետ կանչելուց առաջ. դեսպանը հետ է կանչվել ի նշան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված նոր բանաձևի դեմ բողոքի։
«Այս ուղերձը բացատրում է մեր կապը Երուսաղեմի հետ և խոսում քաղաքի կենտրոնական նշանակության մասին: Երուսաղեմի անունով այս գրվածքն ավելի քան 2.700 տարեկան է, և այն գրված է ոչ արաբերեն, ոչ արամեերեն, ոչ էլ հունարեն կամ լատիներեն: Այն եբրայերեն է», - ասել է կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելը կասեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իր համագործակցությունն այն բանից հետո, երբ, ինչպես Իսրայելի կառավարությունն է պնդում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն «արհամարհել է հրեա ժողովրդի՝ Տաճարի լեռան և Լացի պատի հետ կապի փաստը»:










