Հայտնի է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թ. մրցանակաբաշխության հաղթողը
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակաբաշխության թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարվեց մրցանակաբաշխության հաղթողի անունը: Այսպիսով, 2016 թ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ է արժանացել ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը:
Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը դարձել է կարևոր ավանդույթ և ՏՏ ոլորտի հետաքրքիր ու անհրաժեշտ կյանքի մի մասը:
«Այս մրցանակաբաշխությունն արդեն իսկ նպաստում է ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև մեր երկրի և Հայաստանում ապրող մարդանց համար անհրաժեշտ տեղեկության տարածմանը»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտություն է, որ այն շարունակվի և ընդլայնվի:
Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ առանձնակի հուզմունքով և հպարտությամբ է մասնակցում նման միջոցառումներին:
«Յոթ տարի առաջ, երբ նախաձեռնում էինք այս մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականություն կարող է դառնալ: Հպարտ եմ այն թիմով, որ նախաձեռնեց այս մրցանակաբաշխությունը»,-ասաց նա և նշեց, որ մրցանակաբաշխությունը նպաստում է, որ երկիրը ճանաչելի դառնա:
Հովիկ Մուսայելյանը հայտնեց, որ 2016 թվականի մրցանակաբաշխության հաղթող Լու Պուզանը ֆրանսիացի հայտնի գիտնական է, ով համարվում է ինտերնետի՝ միջազգային սարդոստայնի չորս հինգ կնքահայրերից մեկը։ Նա նոյեմբերի հինգին կայցելի Հայաստան, տարբեր հանդիպումներ կունենա, նաև՝ ուսանողների հետ:
«Կարծում եմ, որ մենք նշաձողի մակարդակը շարունակում ենք պահել շատ բարձր: Մենք ունենք ճիշտ համոզմունք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, այստեղ լրջագույն արդյունք կա»,-ասաց նա և նշեց, որ այն լեգենդները, որոնք եկել են շարունակական կապի մեջ են:
Մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր, հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ իրենց ընկերության համար գաղափարախոսություն է, որ այսպիսի ծրագրերի կողքին կանգնած լինեն, և այսպիսի ծրագրերը նպաստում են, որ արտերկրացիների համար Հայաստանը ճանաչելի լինի քարտեզի վրա:
«Գաղափարախոսությունն այն է, որ երկրի անունը ճանաչելի դարձնենք և ՏՏ ոլորտում երկրի անունը բարձրացնենք»,-ասաց նա:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը նշեց, որ մրցանակաբաշխության հաղթողի համար շատ բարձր նշաձող են դրել:
«Ովքեր մինչ այս մրցանակաբաշխության շրջանակներում հաղթել և այցելել են Հայաստան, Նոբելյան մրցանակակիր ստանալու մակարդակի մարդիկ են: Ինձ համար պատիվ է այս գործում լինել»,-ասաց նա և նշեց, որ հաղթողները տարբեր երկրներից են և հաղթողի համար պայման կա՝ այցելել Հայաստան:










