ՏՏ ոլորտում թռիչքային աճ ապահովելու համար ավելի մեծ տեմպեր են պետք, և այդ հնարավորությունները կան. Հովիկ Մուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակաբաշխության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության ծրագրի ՏՏ ոլորտին վերաբերող դրույթներին: «Ոլորտի զարգացումը, չեմ կարծում, որ միայն կառավարութան ծրագրով պետք է արտացոլվի։ Կառավարության ծրագիրն, իհարկե, նպատակուղղված է ոլորտի զարգացմանը, բայց եթե մենք ուզում ենք լուրջ արդյունքներ արձանագրել, շատ անբավարար է միայն կառավարության ծրագրով առաջնորդվելով ՏՏ ոլորտը զարգացնելը: Այդ խնդիրը մասնավոր ընկերությունների խնդիրն է, որոնք պետք է շահագրգռված լինեն երկրում նոր ներդրումներ անել ու զարգացումներ ունենալ»,- ասաց նա:
Նա նշեց, որ պետական բյուջեի հնարավորություններն այնքան չեն, որ մենք կարողանանք ակնկալել թռիչքային զարգացումներ: «Այստեղ խնդիրն այն է, որ պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի և՛ տեղական, և՛ օտարերկրյա ներդրողներն իրենք շահագրգիռ լինեն Հայաստանում նոր զարգացումների համար: Եթե մենք ունենանք լուրջ հաջողություններ ոլորտում, այդտեղ գերակշիռ մասը պետք է պայմանավորված լինի մասնավոր ընկերությունների զարգացման ծրագրերով, բայց եթե կառավարությունը այնպիսի պայմաններ չստեղծի, որ մոտիվացված զգա մասնավոր հատվածը, լուրջ զարգացումներ չենք ունենա»,- ասաց նա:
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ կառավարության ֆինանսական հատկացումները թեև փոքր են, սակայն այլ երկրների համեմատ բավականին պատկառելի են, նաև համադրելի զարգացած երկրների հետ։
Ըստ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի՝ մասնավոր հատվածը շատ ավելի մեծ գումարներ պետք է ներդնի, քան կառավարությունը և ներդրումների առյուծի բաժինը պետք է լինի նրանը:
Ինչ վերաբերում է ոլորտում մասնավորի պասիվության պատճառներին, Հովիկ Մուսայելյանի կարծիքով, հիմնական խնդիրն աշխատաշուկայում որակյալ կադրերի պակասն է, առանց որի բիզնեսում դրված գումարները կարող են փոշիանալ:
«Դրա համար մենք անընդհատ կրկնում ենք, որ ՏՏ ոլորտում ամենակարևոր խնդիրը որակյալ կրթական նոր մոդելների ստեղծումն է, որը պետք է լուծվի մասնավորի և պետության համատեղ ջանքերի միջոցով:
Այստեղ աշխատաշուկայում 3-4 հազար որակյալ կադրերի պակաս ունենք, այդ դեպքում եթե նոր կորպորացիաներ ուզենան գալ, դժվարություններ են ունենալու և կադրերի պատրաստման մեխանիզմներ պետք է իրենք ստեղծեն»,- ասաց Մուսայելյանը:
ՏՏ ոլորտի մասնագետը նշեց, որ մենք մրցունակ ենք միկրոէլեկտրոնային արդյունաբերության, միկրոսխեմաների նախագծման ասպարեզում, և, մասնավորապես, ԵՏՄ-ում բացարձակ լիդեր ենք այս ասպարեզում, ինչը գալիս է խորհրդային տարիներին եղած ավանդույթներից:
Անդրադառնալով ՏՏ ոլորտի աճի տեմպերին՝ նա ասաց, կարծում է, թե աճն այս տարի կշարունակվի ինչպես անցած տարի՝ 15-20 տոկոս:
«Պարզապես, խնդիրն այն է, որ մենք այլընտրանք չունենք, մեզ թռիչքային զարգացումներ են պետք: Նույնիսկ 15-20 տոկոսը, որը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ բավական մեծ է, միևնույն է, ցածր է։ Թռիչքային աճ արձանագրելու համար մեզ ավելի մեծ տեմպեր են պետք: Մենք այդ հնարավորություններն ունենք, ուղակի պետք է շատ լուրջ գույքագրում անենք, թե մենք ինչ ունենք, թե մեր մրցակցային առավելությունները որոնք են, և դրանք օգտագործելով փորձենք աշխարհին համոզել, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ պետք է ներդրումներ անել: Այստեղ տաղանդավոր պատանիներ և երիտասարդներ կան, այն արդյունավետությունը, որը կարող են կարճ ժամանակում ապահովել, շատ այլ երկրներում չեն կարող անել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտի նկատմամբ կառավարության ուշադրությանը՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և ներկայումս՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը չցանկացավ համեմատություններ անել: «Ոչ միայն ինձ մոտ, այլ ամբողջ հանրության մոտ նոր կառավարությունից ակնկալիքները մեծ են և մենք էլ ամեն ինչ պատրաստ ենք անել՝ աջակցելու համար»,- ասաց նա:
Անդրադառնալով Տրանսպորտի և կապի նախարարության վերանվանմանը Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության, Հովիկ Մուսայելյանը նշեց. «Եթե մենք մեկ կամ երկու տարի հետո լուրջ հաջողություններ արձանագրենք, մենք կասենք, որ ճիշտ էր անվան մեջ ավելացնելը ՏՏ ոլորտը: Իհարկե, դա ողջունելի է, բայց միայն անվանակոչումը չէ խնդիրը»:










