Կառավարությունը նպատակադրել է 2017թ-ին ապահովել 3,2% տնտեսական աճ. Կարեն Կարապետյան
Կառավարությունը նպատակադրել է ապահովել 2017թ-ին 3,2% տնտեսական աճի մակարդակ. ԱԺ-ում 2017թ-ին բյուջեի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա խոստովանեց՝ նշված ցուցանիշին հասնելը մեզանից բավական ջանքեր կպահանջի, բայց վստահեցրեց՝ «ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար»:
Իսկ մինչ այդ վարչապետը նշեց, որ վերջին երկու տարիներին ՀՀ տնտեսություն ներթափանցած ցնցումները պայմանավորված են ՌԴ տնտեսության անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ: Այդ նպատակով, ըստ նրա, հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը բերել է պետպարտքի ավելացման:
Կարեն Կարապետյանը նշեց, թե իրենց խնդիրն է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունություն ապահովեն և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունցման հասնեն:
«Թափանցիկ գործելակերպով, մոտեցումները հարկատուների բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, թե կոշտ քաղաքականությամբ կփորձեն չունենալ դեֆիցիտի աճ, բացի դրանից՝ բիզնեսը մաքսիմալ չեն ճնշի, որ կարողանան վերարտադրվել, և հնարավոր լինի ստեղծել նորմալ պլատֆորմ՝ ավելի աշխույժ տնտեսական աճ ապահովելու համար:










