Բիոնիկական աչքը միլիոնավոր մարդկանց նորից տեսնելու հնարավորություն կտա. The Daily Mail
Գիտնականներին հաջողվել է մշակել այնպիսի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վերականգնել մարդու տեսողությունը՝ շարժվող պատկերներն ուղարկելով անմիջապես նրա ուղեղին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, վիրաբույժները տեսողության խթանման չիպը փոխպատվաստել են տարիներ շարունակ տեսողությունից զուրկ 30-ամյա կնոջ ուղեղում:
Հայտնի է, որ հիվանդը, որ լիովին կույր է արդեն 7 տարի, տեսել է գունավոր լուսարձակումներ, գծեր ու կետեր, երբ բժիշկները համակարգչից հատուկ ազդակներ են ուղարկել նրա ուղեղին:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 6 շաբաթ տևած փորձարկումների ժամանակ հիվանդը հստակ տեսել է այն բոլոր ազդակները, որոնք բժիշկները նրան են ուղարկել ուղեղի կեղևի ՝ տեսողական նյարդից պատկերներ ստացող հատվածի միջոցով:
Այժմ Կալիֆորնիայի համալսարանի բժիշկները սպասում են ԱՄՆ-ի իշխանությունների թույլտվությանը համակարգը հատուկ տեսախցիկով համալրված ակնոցներին միացնելու համար: Մասնագետները հույս ունեն, որ հենց այդ ակնոցը շարժվող պատկերները կուղարկի ուղեղին:
«Պահը, երբ նա առաջին անգամ տեսավ, շատ հուզիչ էր: Մենք բոլորս հուզվեցինք: Ահա այս արդյունքի վրա հիմնվելով՝ մենք կարծում ենք, որ տեխնոլոգիան բավականաչափ ներուժ ունի կույրերի տեսողությունը վերականգնելու համար»,- պատմել է չիպի փոխպատվաստման վիրահատությունն իրականացրած Նադեր Փուրաթիանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բժիշկը տեսողության խթանման չիպը, որն իրենից ներկայացնում է փոքր էլեկտրոդների շարք, տեղադրել է կնոջ ուղեղի հետին հատվածում: Չորս ժամ տևած վիրահատության ժամանակ վիրաբույժները փոքրիկ անցք են բացել կնոջ գանգոսկրի հետին հատվածում ու խթանիչը դրել նրա ուղեղին: Բացի այդ, հիվանդի գլխին տեղադրվել է փոքր ընդունիչ ալեհավաք, որն էլ ստանում է համակարգչից ուղարկվող ազդակները:
Ոգևորված այս հաջողությունից՝ մասնագետներն այժմ մտադիր են կնոջ ուղեղում տեղադրված չիպին կարճ տեսանյութ ուղարկել:










