Մեծ Բրիտանիայում կենդանի օրգանիզմներով «սնվող» ռոբոտ է ստեղծվել
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ինժեներները ջրային կենդանիներ հիշեցնող ռոբոտ են ստեղծել, որն ի վիճակի է էներգիա ստանալ կլանված օրգանիզմներից: Այս մասին հաղորդում է NewScientist հրատարակությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտի «բերանը» պատրաստված է պոլիմերային թաղանթից, որի միջով ներծծվում է կենդանի օրգանիզմներով հագեցած ջուրը:
«Ուտելիքն» ընկնում է արհեստական ստամոքս, որտեղ բակտերիաները քայքայում են այն: Այսկերպ ռոբոտը ստանում է իր գործունեության համար անհրաժեշտ էլեկտրաեներգիան, իսկ թափոնն արտանետվում է սարքի ետնամասում գտնվող անցքից:
Մասնագետների խոսքերով` տվյալ պահին կենսաբանական նյութերից կարելի է ստանալ քիչ քանակությամբ էներգիա, սակայն հնարավոր է դարձել նվազեցնել ռոբոտի պահանջը` դրա առանձին մասերի պատրաստման համար պոլիմերներ օգտագործելով:
Նշվում է, որ ռոբոտը կարող է երկարատև աշխատանք իրականացնել առանց մարդկային միջամտության, այդ պատճառով գիտնականները հույս ունեն, որ այն կօգտագործվի ճառագայթմամբ կամ թունավոր նյութերով աղտոտված ջրային միջավայրերում:










