Քրիստոսի գերեզմանն անվնաս է պահպանվել. հնագետներ

09:01 • 01.11.16

Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմում գտնվող ենթադրյալ գերեզմանի ուսումնասիրման աշխատանքներով զբաղվող հնագետների թիմը հայտնել է, որ գերեզմանը ժամանակի ընթացքում չի վնասվել ու լավ վիճակում է պահպանվել:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հնագետ Ֆրեդրիկ Հիբերտի խոսքով՝ տասնամյակներ շարունակ գիտնականներն ու պատմաբանները մտածել են այն հարցի շուրջ, թե արդյոք Քրիստոսի գերեզմանը ժամանակի ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել:


Այնուհանդերձ՝ Երուսաղեմի նախկին գլխավոր հնագետ Դան Բահաթը նկատել է, որ չի կարելի 100%-անոց վստահությամբ ասել, որ տվյալ վայրը Քրիստոսի գերեզմանոցն է: Միևնույն ժամանակ, մասնագետը հավելել է, որ չկա ուրիշ մեկ այլ վայր, որին կարելի է վերագրել Քրիստոսի գերեզմանոցը լինելու ենթադրությունը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ցուցադրվել է այն սալաքարը, որին, ըստ քրիստոնյաների, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:


Սալաքարը ցուցադրվել է հույն մասնագետների թիմի կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ:


Ըստ ավանդության՝ Քրիստոսի մարմինը խաչից իջեցվելուց հետո դրվել է հենց այս սալաքարի վրա: Այնուհետև, սալաքարը տեղափոխվել է Ծննդյան քարանձավ, որն այժմ գտնվում է Սուրբ Հարության տաճարում ու համարվում դրա ամենասրբազան հատվածներից մեկը:


Գիտնականները նշել են, որ վերանորոգման աշխատանքները հնարավորություն են ընձեռել իրենց պարզել, թե ինչպիսին է եղել սալաքարի մակերևույթն ավելի քան 2 հազարամյակ առաջ, երբ Քրիստոսի մարմինն առաջին անգամ դիպչել է դրան:

Քրիստոսի գերեզմանն անվնաս է պահպանվել. հնագետներ