ՀՀ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը. Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը: Այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցրեց, թե ինչու փոխմարզպետները չեն կրճատվում, արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն, հատկապես, երբ ստեղծվել էին կոալիցիոն համագործակցության շրջանակներում, բայց շարունակել են պահպանել հաստիքները նաև կոալիցիայի լուծարումից հետո: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նոր կառավարությանն այս առումով առաջարկ է արել:
Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ պատգամավորի գրության հիման վրա վարչապետը հանձնարարել է իրեն ներկայացնել, թե քանի փոխմարզպետ կա հանրապետությունում, ինչ աշխատանքի վերաբաշխում կա:
«Բացի այդ, վարչապետը հանձնարել է մարզպետներից ստանալ առաջարկություններ կրճատումների մասին: Սա կարծում եմ, որ ճիշտ որոշում է: Եթե նրանցից չստանա առաջարկություններ, ապա նման հանձնարարական կտրվի վարչապետի կողմից: Կարծում եմ, որ ոչ ուշ քան մեկ ամսում կստանաք ձեր հացի պատասխանը»,- նշեց նախարարը:










