Քնելուց առաջ գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա. հետազոտություն
Երեխաները, որոնք քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, որոնք դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները, հաղորդում է Lenta.ru-ն:
Գիտնականները 20 հետազոտություն են վերլուծել, որոնց մասնակցել է 6-19 տարեկան ընդհանուր առմամբ 125 հազար երեխա: Պարզվել է, որ քնելուց առաջ գաջեթների օգտագործումը բերում է անքնության ու ցերեկային քնկոտության: Ընդ որում` նույնիսկ սարքերի առկայությունը ննջասենյակում կարող է ազդել քնի որակի վրա, քանի որ երեխաները միշտ պատրաստ են պատասխանել հաղորդագրություններին և սպասում են, որ ինչ-որ մեկը կգրի նրանց:
Հետազոտողների խոսքերով`գաջեթների աճող ժողովրդականությունը կբերի երեխաների քնի հետագա վատթարացմանը: Այս խնդիրը կարելի է լուծել` քչացնելով սարքերի հասանելիությունը երեխաների համար և խթանելով քնելուց առաջ ճիշտ պահվածքը:










