Ինչպես է ՄԻԱՎ-ը տարածվել ԽՍՀՄ-ում. Газета-ի անդրադարձը

09:38 • 01.11.16

Օրերս միջազգային ԶԼՄ-ները, հիմնվելով Արիզոնայի համալսարանի գիտական թիմի հետազոտության արդյունքների վրա, հայտնեցին, որ ՄԻԱՎ-ը սկսել է տարածվել Միացյալ Նահանգներում 1970-ականների սկզբին՝ Կարիբյան շրջանից:

    
Այս կոնտեքստում gazeta.ru կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել թեմային, թե որտեղից և երբ է ՄԻԱՎ-ը հայտնվել Խորհրդային միությունում, ինչպես են այն ժամանակվա իշխանությունները պայքարել «կապիտալիստական» ախտի դեմ և թե ինչպես են ոչ մանրէազերծ ներարկիչները նպաստել վարակի տարածմանը:

  
Նշվում է, որ մինչև 1980-ական թվականների կեսերը ՄԻԱՎ վարակը ԽՍՀՄ բնակիչների կողմից ընկալվում էր որպես «Արևմուտքում մարմնավաճառների, անօթևանների ու միասեռականների շրջանում տարածվող հիվանդություն»:

  
ԽՍՀՄ իշխանությունները հայտարարում էին, որ ՄԻԱՎ-ը երկրում տարածվելու հիմք չունի, քանի որ «Խորհրդային միությունում ո՛չ թմրամոլություն կա, ո՛չ էլ մարմնավաճառություն»: Սակայն արդեն 1988թ. երկրում արձանագրվել էր ՄԻԱՎ-ի ավելի քան 30 դեպք, և ժամանակին զուգընթաց այս ցուցանիշը սկսել է աճել: Հենց նույն տարում ԽՍՀՄ-ում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից առաջին մահվան դեպքը:


Աղբյուրը մանրամասնում է, որ ՄԻԱՎ-ով վարակված ԽՍՀՄ առաջին քաղաքացին որոշ ժամանակ որպես թարգմանիչ է աշխատել Աֆրիկայում, որտեղ, ենթադրաբար, սեռական կապի մեջ է եղել տեղացիների հետ: Դրանից հետո բժիշկները ֆիքսել են 2 տասնյակից ավելի ՄԻԱՎ վարակակիր, որոնց մեծ մասը շփվել է թարգմանչի հետ:


Ռուս մասնագետների տվյալներով՝ ԽՍՀՄ բնակիչների շրջանում ՄԻԱՎ-ի տարածման առաջին դեպքերը գրանցվել են աֆրիկացի ուսանողների հետ անպաշտպան սեռական հարաբերությունների հետևանքով:

   
Ինչ վերաբերում է վարակի տարածմանը, ապա դա տեղի է ունեցել ոչ միայն սեռական ճանապարհով, այլև ոչ մանրէազերծ ներարկիչների միջոցով: Մի շարք հիվանդանոցներում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ բուժանձնակազմը, անտեսելով անվտանգության կանոնները, միանգամյա օգտագործման ներարկիչները դեն նետելու փոխարեն դրանք մի քանի անգամ է կիրառել՝ պարզապես փոխելով ասեղները:


Որպես վերջաբան աղբյուրը նշում է, որ 2014թ. տվյալների համաձայն՝ Ռուսաստանում 900.000-ից ավելի մարդ ՄԻԱՎ վարակակիր է, որից 60%-ը՝ տղամարդիկ:

Ինչպես է ՄԻԱՎ-ը տարածվել ԽՍՀՄ-ում. Газета-ի անդրադարձը