Էքստրասենս Անի Մաջնունյանի մայրն ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանից 5 մլն ՀՀ դրամ է պահանջում

19:04 • 02.11.16

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ՝ Լորետա Գյուլումյանը, ով Անի Մաջնունյանի մայրն է:

Մայրը պատմեց, որ աղջկա շորերի դարակում 5 մլն դրամ փող է գտել, ինչի վերաբերյալ աղջիկն ասել է, որ իր դա իր երկու տարվա աշխատավարձն է. «Ես նրան հարցրեցի, թե ինչու է գումարը պահում. ասաց, թե հենց փողի կուրսը լավ լինի, կներդնի բանկում»:

Հարցին, թե այդ գումարի մասին, բացի իրենից և Անի Մաջնունյանից, այլ մարդ գիտե՞ր, Լորետա Գյուլումյանը պատասխանեց. «Քանի որ ես Անիի հետ չեմ ապրել, տեղյակ չի, թե ինչ-որ մեկը կարող էր իմանալ, թե ոչ»:

Բացի դրանից՝ Լորետա Գյուլումյանը պատմեց, որ աղջկա սպանությունից մի քանի օր անց նրա այցելուներից մեկն է զանգահարել իրեն և ասել, որ երբ Անի Մաջնունյանն իր գործերով պայմանավորված եղել է իրենց տանը, նա ինչ-որ մեկից զանգ է ստացել, որն էլ նրան հունից հանել է. «Այդ աղջիկը պատմեց, որ Անին շատ է նյարդայնացել այդ զանգից և ասել է՝ ես տանը չեմ, ինչ եք ուզում ինձնից, հանգիստ թողեք: Հիմա ինձ պետք է իմանալ, թե այդ զանգն ում կողմից է եղել, ես կասկածներ ունեմ մի քանի հոգու հետ կապված, և կարծում եմ, որ ամբաստանյալն ու նա հանցակիցներ են»:

Դատավորը հարցրեց, թե արդյոք տուժողի իրավահաջորդն ինչ-որ պահանջ ունի՞ ամբաստանյալից, Լորետա Գյուլումյանը պատասխանեց. «Արյան գին եմ ուզում,  թաղման ծախս եմ ուզում, Անին իմ խնամակալն էր, ես հիմա ոչ ոք չունեմ նրանից բացի, հիմա ես պարտքերի տակ եմ, մեկ միլիոն պարտք եմ արել: Գին չուներ, որ ասեմ, բայց 5 մլն դրամ եմ ուզում»,- ասաց Լորետա Գյուլումյանը:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը տուժողի իրավահաջորդին հարցրեց՝ տեղյա՞կ է, որ իր որդին 1.4 մլն ՀՀ դրամ, 2000 դոլար, 200 եվրո, գումար է գտել։ Լորետա Գյուլումյանն ի պատասխան նշեց, որ տեղյակ է և դա 5 մլն ՀՀ դրամի մաս չի կազմում:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի դին, ով հասարակության լայն շրջանակներին առավել հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։

Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ.Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա.Մաջնունյանի մահվան։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա.Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մ.Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։