Պուտինը կարգադրել է նոյեմբերի 4-ին մարդասիրական դադար սահմանել Հալեպում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով՝ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն որոշում է կայացրել Հալեպում նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:00-ից 19:00-ն, մարդասիրական դադար սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անիմաստ զոհերից խուսափելու համար… Որոշում է կայացվել Հալեպում նոյեմբերի 4-ի առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 19։00-ն մարդասիրական դադար սահմանել»,- չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը:
Ավելի վաղ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի անկարողությունն ընդդիմությանն ահաբեկիչներից տարանջատելու հարցում՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը դիմում է զինված խմբերի առաջնորդներին՝ դուրս գալ Հալեպից:
«Հաշվի առնելով մեր ամերիկացի գործընկերների անկարողությունը՝ դիմում ենք բոլոր զինված խմբերի առաջնորդներին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և իրենց զենքով դուրս գալ Հալեպից: Դրա համար բաց է երկու միջանցք, որոնցից կհեռացվեն բոլոր կառավարական զորքերը և տեխնիկան»,- ասել է Գերասիմովը:










