Ավստրալիայում օրինականացվել է բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումը

11:42 • 02.11.16

Ավստրալիայի իշխանություններն օրինականացրել են երկրում մարիխուանայի արտադրությունը՝ բժշկական կարիքների համար: Թմրամիջոցների մասին օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել դաշնային խորհրդարանի կողմից ընթացիկ տարվա սկզբին և ուժի մեջ են մտել այս շաբաթ, գրում է ТАСС-ը:


Այժմ օրենքը թույլ է տալիս կանեփի աճեցում հիվանդների բուժման և բժշկական հետազոտությունների անցկացման համար:


Ինչպես հայտնել է առողջապահության նախարար Սյուզան Լին, նրա աշխատակիցները վերանայել են նախարարության նորմատիվային բազան, որի համապատասխան մարիխուանան մինչ այժմ համարվում էր արգելված թմրանյութ: Այժմ մարիխուանան ներառված է «հսկողության ենթակա նյութերի» ցանկում:


«Մինչ վերջերս հիվանդ ավստրալացիներին չափազանց դժվար էր ստանալ բժշկական մարիխուանա, քանի որ համապատասխան դեղորայքն արտադրվում էր միայն արտասահմանում: Նոր օրենքը փոխում է իրավիճակը՝ թույլ տալով երկրի ներսում հիմնել համապատասխան դեղամիջոցների արտադրություն»,- ասել է նախարարը:


Կանեփի աճեցման և մարիխուանայի արտադրության արտոնագրերի տրամադրումն ավստրալական նահանգների իրավասությունն է: Ընկերությունները, որոնք ցանկանում են ստանալ նման արտոնագրեր, պետք է անցնեն հսկողության խիստ ընթացակարգեր, հավելել է նա: