Մրցակցության ուժեղացումը բերել է վարկավորման պայմանների որոշակի բարելավման. Բանկերի միության փոխնախագահ

23:37 • 02.11.16

Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանկերի վարկավորմանը,  հայտնեց, որ 2016 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերը ամբողջ պորտֆելի 64 տոկոսն են կազմում՝ 1.5 տրիլիոն ՀՀ դրամի չափով, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը  ընդհանուր պորտֆելի 31,5 տոկոսն են՝ 739 մլրդ ՀՀ դրամի չափով:

«Բանկերը, ինչպես միշտ, նույն ակտիվությամբ շարունակում են վարկավորել: Վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ծավալի միջոցներ են մուտք եղել բանկային համակարգ` կապիտալի ավելացման և միջազգային կառույցներից միջոցների ներգրավման տեսքով, և բանկային համակարգի առանց այն էլ բարձր լիկվիդայնությունն էլ ավելի է բարձրացել: Այս պարագայում մրցակցության ուժեղացումը բերել է նաև վարկավորման պայմանների որոշակի բարելավման»,-ասաց Սեյրան Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք բնակչությունը չափից շատ չէ՞ վարկավորված և վարկերը սպասարկելու խնդիր չկա՞, Սեյրան Սարգսյանը նշեց. «Յուրաքանչյուր բիզնեսի կամ անհատի վարկավորելուց առաջ, անպայման, անցկացվում է վերլուծություն, և վարկավորվում են միայն այն դեպքում, եթե տեսնում են, որ անհատը կամ ընկերությունն այդ վարկերը կարող են կառավարել և սպասարկել: Խնդրահարույց վարկերի ծավալը մի փոքր ավելացել է, սակայն գտնվում է կառավարելիի և վերահսկելիի միջակայքում: Մի կողմից քննադատում են, որ ֆինանսական կառույցները դժվար են վարկավորում իրականացնում` ֆինանսական հասանելիության խնդիր կա, մյուս կողմից՝ ասում եք, որ բողոք կա, թե տնտեսությունը և բնակչությունը չափից շատ է վարկավորված»:

Ըստ Բանկերի միության փոխնախագահի՝ ակտիվ վարկավորումը տնտեսությունը աշխուժացնում է և նպաստում զարգացմանը: Ըստ Սեյրան Սարգսյանի տվյալների, 2015թ.-ին բանկերի վարկային ներդրումներն աճել են 2.1%-ով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ ևս 1.9%-ով:

Անդրադառնալով տնտեսության առանձին ճյուղերին՝ բանկերի միության փոխնախագահը տեղեկացրեց, որ 2015 թվականին գյուղատնտեսության տրամադրված վարկերն ավելացել են 18,4 տոկոսով, տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրված վարկերն աճել են 48 տոկոսով, իսկ, օրինակ, շինարարության, առևտրի, ծառայությունների և էլի մի քանի ոլորտներում արձանագրվել է նվազում: 2016թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում աճ է արձանագրվել արդյունաբերության, շինարարության, ծառայությունների, սպառողական և հիփոթեքային վարկերի տրամադրման ոլորտներում:

«Գյուղատնտեսությունը կարևորագույն նշանակություն ունեցող և կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերից մեկն է և, կարծում եմ, տարեցտարի բանկերն ավելի ակտիվ են այս ճյուղը վարկավորելու և գյուղական վարկերի ծավալը ընդհանուր վարկերի մեջ կավելանա: Գյուղացիական տնտեսություններում զբաղվող անձանց վիճակը հեշտ չէ, սակայն, ի պատիվ իրենց, կարող ենք ասել, որ վարկերը հիմնականում պարտաճանաչ սպասարկվում են»,- ասաց նա և նշեց, որ պետության կողմից պետական աջակցման ծրագրերն էական ազդեցություն ունեն գյուղացիական տնտեսությունների համար: