Քաղցկեղը հաղթահարած բրազիլացին առաջին մարդն է, ով սմարթֆոնի օգնությամբ ստեղծված 3D դեմք է ստացել
Քաղցկեղը հաղթահարած բրազիլացի տղամարդը դարձել է առաջին մարդն աշխարհում, ով 3D դեմքի պրոթեզ է ստացել, որը պատրաստվել է սմարթֆոնի օգնությամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 54-ամյա Կառլիտո Կոնսեսայոյի մոտ վերին ծնոտային կարցինոմա (մաշկի քաղցկեղ) էր հայտնաբերվել, որի հետևանքով քայքայվել էր նրա աձ աչքի, քթի և այտոսկրի հատվածը: Նրան հաջողվել է փրկել ուռուցքի հեռացման վիրահատության շնորհիվ, որից հետո նա 8 տարի ապրել է դեմքի վրա առկա անցքով:
Այժմ բժիշկները հնարավորություն են ընձեռել նրան նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ նոր դեմք ստանալ` համակարգչի միջոցով չափագրելով ու եռաչափ տպագրական տեխնոլոգիաներով ստանալով նրա դեմքի բացակայող հատվածը:
Բժիշկները հույս ունեն հասանելի և մատչելի տեխնոլոգիաների օգնությամբ նման պրոթեզներ պատրաստել հեռավոր երկրներում բնակվող հիվանդների համար, ովքեր անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություն չունեն:












