ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը կոչ է արել զինված խմբերի առաջնորդներին դուրս գալ Հալեպից
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի անկարողությունն ընդդիմությանն ահաբեկիչներից տարանջատելու հարցում՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը դիմում է զինված խմբերի առաջնորդներին՝ դուրս գալ Հալեպից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հաշվի առնելով մեր ամերիկացի գործընկերների անկարողությունը՝ դիմում ենք բոլոր զինված խմբերի առաջնորդներին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և իրենց զենքով դուրս գալ Հալեպից: Դրա համար բաց է երկու միջանցք, որոնցից կհեռացվեն բոլոր կառավարական զորքերը և տեխնիկան»,- ասել է Գերասիմովը:
Նրա խոսքով՝ մի միջանցք բացվել է թուրք-սիրիական սահման գնալու համար, երկրորդը՝ Իդլիբ: Ինչպես հավելել է Գերասիմովը, մնացած վեց միջանցքները գործում են խաղաղ բնակիչների դուրս գալու, հիվանդների և վիրավորների տարհանման համար:
Հաշտեցման ռուսական կենտրոնը և կառավարական զորքերը կապահովեն Հալեպ քաղաքից զինված խմբավորումների և խաղաղ բնակիչների դուրս գալու անվտանգությունը, հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի ղեկավարը:










