Բրիտանացի հայտնի լրագրողն առաջարկել է գնդակահարել Թրամփին
Բրիտանացի հեռուստահաղորդավար Դևիդ Աթենբորոն The Radio Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե չի կարելի ուղղակիորեն ազդել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ելքի վրա, ապա կարելի է դիմել ծայրահեղ միջոցների:
«Մենք կարող ենք ուղղակի գնդակահարել նրան: Դա վատ գաղափար չէ»,- ասել է հայտնի լրագրողը՝ առաջին անգամ մեկնաբանելով ԱՄՆ նախագահական մրցապայքարին Դոնալդ Թրամփի մասնակցությունը:
Ինչպես նշում է The Independent-ը, Աթենբորոն իրականում կատակով է ասել դա, սակայն շատերը նրա խոսքը լուրջ են ընդունել:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարն ընթանում է հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան ABC հեռուստաալիքի և Washinghton Post պարբերականի անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ Հիլարի Քլինթոնի բացասական վարկանիշը բարձրացել է՝ գերազանցելով նրա մրցակից Դոնալդ Թրամփի ցուցանիշը:
Նշվում է, որ Քլինթոնի թեկնածությանը բացասաբար է վերաբերվում հարցվածների 60%-ը, մինչդեռ Թրամփին՝ 58%-ը:
Հարցվածների 49%-ը կին թեկնածուին վերաբերվում է «շատ բացասական», մինչդեռ հանրապետականների թեկնածուի նկատմամբ նման վերաբերմունք է արտահայտել հարցվածների 48%-ը:










