Տվյալներ, որոնցով չարժե կիսվել սոցցանցերում
Ժամանակակից աշխարհում մարդկանց մեծ մասն ակտիվորեն օգտվում է սոցցանցերից, որոնք վաղուց արդեն դարձել են մարդու առօրյայի անբաժան մասը:
Մեզանից շատերը վիրտուալ տիրույթի իրենց անձնական էջերում կիսվում են տարատեսակ տեղեկություններով, որոնք հաճախ վերաբերում են անձնական կյանքին:
Ստորև indy100.com կայքն առաջարկում է ծանոթանալ այն թեմաներին ու տվյալներին, որոնցով, ելնելով անվտանգության նկատառումներից, խորհուրդ չի տրվում կիսվել սոցկայքերում:
1. Անձնագրի կամ վարորդական իրավունքի լուսանկարներ
Դրանցում առկա տվյալները կարող են պիտանի լինել կեղծարարների համար՝ հնարավորություն տալով հակաօրինական գործողություններ իրականացնել ձեր դեմ:
2. Հանգստի մեկնման վերաբերյալ ծրագրեր
Այս տեղեկությունը կարող է հատկապես օգտակար լինել պոտենցիալ կողոպտիչների համար, որոնք ստույգ տեղեկություն կունենան տնից ձեր բացակայության ժամկետի վերաբերյալ:
3. Տան հասցեն
Այս տեղեկության հրապարակումը վտանգավոր է հասկանալի պատճառներով:
4. Երեխաների լուսանկարներ
Ձեր փոքրիկի լուսանկարը հրապարակելուց առաջ ուշադիր եղեք, որպեսզի այն տեսանելի լինի միայն ընկերների համար և չհայտնվի կասկածելի անձանց տեսադաշտում:
5. Բողոք պարունակող գրառումներ աշխատավայրի կամ ղեկավարի մասին
Մեր իրականությունում քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը հակասական գրառման պատճառով: Ուստի՝ հիշեք, որ կան թեմաներ, որոնք նախատեսված են սոսկ անձնական զրույցի համար:
6. Գտնվելու հստակ վայրի և ժամի մասին գրառումներ
Միգուցե մեկը, ով ուզում է վնասել ձեզ, կարող է օգտագործել ձեր գտնվելու հստակ վայրի ու ժամի մասին տեղեկությունը՝ իր նպատակի իրականացման համար:
7. Ինտիմ լուսանկարների հրապարակում
Նույնիսկ եթե դուք ինտիմ լուսանկար եք հրապարակել անձնական էջում ու կարգավորումների բաժնում այնպես եք արել, որ այն տեսանելի լինի միայն մի հոգու, այնուհանդերձ՝ ձեր էջը կարող է հաքերային հարձակման ենթարկվել:










