Բելգիայում նախարարին տուգանք են նշանակել օրական մոտ 4.500 դոլարի չափով՝ սիրիացի ընտանիքին ապաստան չտրամադրելու համար
Բելգիայի միգրացիայի հարցերով նախարար Տեո Ֆրանկենին սպառնում է գույքի առգրավում՝ սիրիացի մի ընտանիքի ապաստան չտրամադրելու պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ երեք դատական ատյան հաստատել է, որ Հալեպից ընտանիքն արժանի է ապաստան ստանալ երկրում, սակայն Ֆրանկենն անտեսում է դատարանների որոշումը:
Երկուշաբթի նախարարը Facebook-ում տեղադրել է դատարկ սենյակում իր լուսանկարը: Լուսանկարին կից գրությունում նշվում է, որ գրասենյակից առգրավվել է ողջ կահույքը, քանի որ նա չի կատարել դատարանի որոշումը:
«Կահույքով, թե առանց՝ մենք կշարունակենք աշխատել»,- հայտարարել է նախարարը:
Ավելի ուշ նախարարի ներկայացուցիչը պարզաբանել է BBC-ին, որ դա կատակ է եղել, և կահույքը չեն տարել, սակայն նման վտանգ կա։
Դատարանը Ֆրանկենին օրական մոտ 4.450 դոլարի (4.000 եվրո) չափով տուգանք է նշանակել Բելգիայում բարեկամներ ունեցող ընտանիքին ապաստան տրամադրելու մասին դատարանի որոշումը չկատարելու համար: Ֆրանկենն անտեսում է դատարանի որոշումը գիտակցաբար. նա հայտարարում է, որ չի տրամադրի ընտանիքին ապաստան, որովհետև դա «կբացի միգրացիայի քաոսի դռները»:
Տուգանքի չափն արդեն հասել է 30 հազար եվրոյի:










