ՆԱՍԱ-ն մտադիր է Լուսնի մոտ միջազգային կայան կառուցել
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչներն իրենց ռուս, եվրոպացի, ճապոնացի և կանադացի գործընկերների հետ փակ հանդիպման ժամանակ քննարկել են մինչև 2023թ. Լուսնի ուղեծրին մշտական կայան ստեղծելու հարցը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, խոսքը բազմամոդուլ կայանի մասին է, որն իրականում լինելու է Միջազգային տիեզերակայանի փոքրացված տարբերակը: Նշվում է, որ այն պտտվելու է ոչ թե Երկրի, այլ Լուսնի շուրջ:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այն կառուցելու համար կկիրառվեն առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ամբողջությամբ ավտոմատացված համակարգեր, իոնային շարժիչներ:
Մասնագետների մտահղացման համաձայն՝ լուսնային կայանն օգտագործվելու է հեռավոր տիեզերական ուղևորությունների (օրինակ՝ դեպի Մարս) իրագործման համար:
Հայտնի է, որ 2023թ. ՆԱՍԱ-ն մտադիր է դեպի Լուսնի ուղեծիր ուղարկել կայանի կառուցման համար անհրաժեշտ մոդուլները, որոնք աստիճանաբար կմիացվեն իրար՝ ստեղծելով ապագա լուսնային կայանը:
Ենթադրվում է, որ կառուցման աշխատանքներն ավարտվելու են 2028թ.:










