Կլինի երթուղային ցանցի բարեփոխումների փաթեթ՝ եվրոպական չափորոշիչներով, մեր դռները բաց են ներդրողների առջև. Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ)

23:00 • 11.11.16

Երևանում երթուղային նոր ցանց ունենալու նախագիծը կարող է առարկայական փուլ մտնել 2018 թ.-ին։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը՝ մանրամասնելով, որ ըստ նախնական հաշվարկի՝ 80-ից 100 մլն դոլար է ներդրվելու։  

«Անկախ նրանից՝ կլինե՞ն ներդրումներ, թե ոչ, քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքապետարանը պատրաստ է հանդես գալ որպես ներդրող»,-նշեց Վահե Նիկոյանը։

Հիշեցնենք, որ փոփոխությունների արդյունքում կլինի տոմսային միասնական համակարգ և ուղևորափոխադրող մեկ օպերատոր, միկրոավտուբուսներով ուղևորափոխադրում չի իրականացվի, քաղաքային տրանսպորտը բաղկացած կլինի խոշոր, միջին և փոքր տեղատարողության ավտոբուսներից, նոր երթուղային ցանցը ենթադրելու է օպտիմալացում, որպեսզի երթուղային գծերի կրկնություն չլինի։ Բայց նաև չի բացառվում, որ A կետից B կետը գնալու համար մեկ կամ երկու տրանսպորտային միջոց քաղաքացին փոխի։

«Սակագնային քաղաքականությունը կփոխենք կառուցվածքի տեսանկյունից, որ այն պայմանավորված լինի ոչ թե քանակով, այլ երթևեկության երկարությամբ, կիլոմետրով և այլն։ Էլեկտրոնային համակարգը թույլ կտա ճկուն քաղաքականություն վարել, այդ թվում՝ սոցիալական խմբերի համար զեղչային քաղաքականություն, տոմսային ճկուն քաղաքականություն, և այլն։ Կարծում եմ՝ այն խավը, որի համար կթանկանա, չի լինի էական»,-նշեց նա։

Վահե Նիկոյանը նաև նշեց, որ ծրագիրը, պատրաստ լինելուց հետո, կդրվի հանրային քննարկման։

Անդրադառնալով մետրոպոլիտենի գծի ընդլայնմանը՝ Վահե Նիկոյանը նշեց, որ նոր երթուղային ցանցի ծրագրի մեջ այն չի ներառվելու։

«Ինչ վերաբերում մետրոպոլիտենի գծի երկարացմանը, իհարկե, դա լավագույն լուծումներից է, բայց այն պետք է դիտարկել հնարավորությունների համատեքստում։ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացրել ենք Աջափնյակ վարչական շրջանում երկու կայարանների կառուցման իրագործելիության ուսումնասիրում և նախնական հաշվարկ ունենք արդեն. դրա արժեքը կազմելու է 160-250 մլն եվրո»,-ասաց նա։

Ըստ էության՝ երթուղային նոր ցանցի առկայության պարագայում 65 գծատեր խաղից դուրս կմնան, այնինչ մի շարք ուղևորափոխադրողներ վարկային միջոցների հաշվին նոր ավտոբուսներ էին ձեռք բերել։ Անդրադառնալով այս հարցին՝ փոխքաղաքապետը նշեց, որ ոչ ոքի խաղից դուրս թողնելու նպատակ չունեն, լինելու է բարեփոխումների փաթեթ՝ եվրոպական չափորոշիչներով։

«Կտեղավորվե՞ն մասնավոր ներդրողները համապատասխան չափորոշիչների մեջ, ուրեմն մեր դռները բաց են»,-հավելեց նա։

Մանրամասները՝տեսանյութում։