ԱՄՆ-ում արդեն 3-րդ երեկոն բողոքի ցույցեր են անցկացվում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ (լուսանկարներ)
Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն երրորդ երեկոն անընդմեջ հավաքվում են երկրի մի շարք քաղաքներում և իրենց անհամաձայնությունն արտահայտում ընտրությունների արդյունքին:
Reuters-ը գրում է, որ ուրբաթ մթնելուն պես իրենց քաղաքների փողոցներ են դուրս եկել ներգաղթյալների, մուսուլմանների և կանանց վերաբերյալ Թրամփի հակասական հեռտորաբանությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ: Գործակալությունը նշում է, որ ցույցերի հիմնական կենտրոններ են դարձել Մայամի, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Ատլանտա, Ֆիլադելֆիա և Պորտլենդ քաղաքները: Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Վաշինգտոնում ու Լոս Անջելեսում:
CNN-ը նշում է, որ Ատլանտայում ցուցարարները հրապարակայնորեն վառել են ԱՄՆ դրոշը Ջորջիա նահանգի Կապիտոլիումի շենքի մոտ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ ցույցերը վերաճել են անկարգությունների:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ Նրա երդմնակալությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին:











