ԱՄՆ-ում գլխի հատվածում իրար միացած երկվորյակները վիրահատությունից հետո իրենց լավ են զգում և կարող են արդեն դուրս գրվել. լուսանկարներ

22:53 • 12.11.16

ԱՄՆ-ում մոտ մեկ ամիս առաջ վիրահատված երկվորյակները, որոնք ի ծնե իրար միացած են եղել գլխի հատվածում, իրենց արդեն լավ են զգում և կարող են նախատեսվածից շուտ դուրս գրվել հիվանդանոցից:

Այս մասին CNN-ին հայտնել է 27 ժամ տևած վիրահատությունը ղեկավարող նյարդավիրաբույժ Ջեյմս Գուդրիչը: 13 ամսական Ջեյդոն և Անիաս ՄքԴոնալդների վիրահատությունը գրավել էր միլիոնավոր մարդկանց և մասնագետների ուշադրությունը ողջ աշխարհում: Նմանօրինակ վիրահատություն իրականացվել է ընդամենը 59 անգամ 1952-ից ի վեր:

Նշվում է, որ տղաների շնչառական խողովակներն արդեն հանվել են: Ջեյդոնի մոտ վիրահատությունից հետո ձախ կողմի մասնակի կաթված էր տեղի ունեցել, սակայն երեխան արդեն ամբողջովին կազդուրվել է: Անիասի մոտ հետվիրահատական ցնցումներ են եղել, որն էլ կարգավորվել է դեղամիջոցների օգնությամբ:

Բժշկի խոսքով` երկվորյակներն իրենց այնքան լավ են զգում, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարող են դուրս գրվել և անցնել վերականգնողական բուժման: Սա Գուդրիչի 7-րդ նման վիրահատությունն է եղել:  

 

 

ԱՄՆ-ում գլխի հատվածում իրար միացած երկվորյակները վիրահատությունից հետո իրենց լավ են զգում և կարող են արդեն դուրս գրվել. լուսանկարներ