Նոր Զելանդիայի արևելյան ափին ցունամի է հարվածել 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո

18:52 • 13.11.16

Նոր Զելանդիայի արևելյան ափերին ցունամի է հարվածել կեսգիշերին Հարավային Կղզում գրանցված հզոր երկրաշարժից հետո:

Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ առաջին ալիքը հարվածել է Հարավային Կղզուն և նախազգուշացրել է, որ առաջիկա ժամերին կարող են լինել նոր, էլ ավելի ուժեղ հարվածներ, հայտնում է The Guardian-ը:


Այն խորհուրդ է տվել ծովափին գտնվող մարդկանց անմիջապես հեռանալ դեպի ավելի բարձրադիր վայրեր: Տարհանման գոտին անմիջապես ընդլայնվել և ներառել է Հյուսիսային կղզու արևելյան ափը:


ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել Քրայսթչերչ քաղաքից 95 կիլոմետր հեռավորության վրա:


Մոտավորապես նույն տարածքում 2011 թվականին գրանցվել էր ավերիչ երկրաշարժ, որը դարձել է մոտ 200 մարդու մահվան պատճառ: Այդ ժամանակ երկրաշարժի հզորությունը եղել է 6,3 մագնիտուդ:


Դեռ զոհերի և վիրավորների մասին հաղորդումներ չկան, սակայն, հաղորդումներ են ստացվում էպիկենտրոնին մոտ գտնվող բնակավայրերում բազմաթիվ ավերածությունների մասին: