Զինծառայողների համար 1000-ական դրամների գանձման նախագծի դեմ բողոքի ակցիա՝ ԱԺ-դիմաց (տեսանյութ)

12:09 • 14.11.16

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Բողոք 1000 դրամ թալանի դեմ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց։

Նախաձեռնության անդամները հորդորում են պատգամավորներին բացասական  գնահատականի արժանացնել արագացված ընթացակարգով քննարկման դրված նախագիծը։ Ըստ նախագծի՝ զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծման համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս հատուկ հիմնադրամին փոխանցվելու է 1000 դրամ՝ 20 տարի ժամկետով:

Նախաձեռնության անդամների խոսքով ՝ խնդիրը այն չէ, որ 1000-ական դրամ է փոխանցվելու զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը, այլ այն, թե ովքեր են տնօրինելու այդ գումարները։ Բացի դրանից՝ կան քաղաքացիներ, ովքեր օրվա հացի խնդիր ունեն, անգամ 1000 դրամը նրանց համար մեծ գումար է։

Նախաձեռնության անդամներն առաջարկում են ՊՆ գեներալներից, պաշտոնյաներից ու օլիգարխ պատգամավորներից ավելի մեծ չափով գումար գանձել։ Ակցիայի մասնակիցներին հատկապես զայրացնում է այն, որ նախագծով բոլորը պետք է հավասար գումար վճարեն, այնինչ սոցիալական տարբեր խմբերի համար վճարը պետք է տարբեր լինի։