Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը հաղորդում է տվել իր վերադասի կողմից հանցագործության դեպքեր թաքցնելու մասին. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող իր վերադասին է հանձնել մորեղբոր որդու կողմից գտած 30 հատ «AK 74» ինքնաձիգի փամփուշտներ և 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակներ:
Բացի դրանից՝ 2016թ. օգոստոսի 29-ին նույն պաշտոնատար անձին է հանձնել նախորդ օրը իր կողմից Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի գետից գտած թվով 250-ից ավել նռնակի պայթուցիչներ, համապատասխան ընթացք տալու համար, սակայն հետագայում տեղեկացել է, որ իր կողմից ռազմամթերքի ներկայացման 2 դեպքերին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:










